ՌԴ-ի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանը մեղադրեց Մեծ Բրիտանիային Սկրիպալների գործը «սարքելու» մեջ: Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Կարեն Պիրսը հայտարարեց, որ իր երկրի գործողությունները համապատասխանում են միջազգային նորմերին և ռուսական կողմի` իր փորձագետներին հետաքննությանը մասնակցելու պահանջը հիշեցնում է հրդեհի հետաքննությանը հրձիգի մասնակցության պահանջ:
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան բողոքում էր, որ ՌԴ քաղաքացի Յուլիա Սկրիպալին մոտ չեն թողնում ռուս հյուպատոսին, որ Մեծ Բրիտանիան հրաժարվում է Մոսկվայի հետ համագործակցել և Մեծ Բրիտանիայի պատճառով վատացել են Ռուսաստանի հարաբերությունները Արևմուտքի շատ երկրների հետ, որ Լոնդոնը հետաքննությանը մոտ չի թողնում ռուս քննիչներին և հրաժարվում է տեղեկություններ տրամադրել: Նեբենզյայի խոսքով` Ռուսաստանին մեղադրել են հանցագործության մեջ` ծանրակշիռ ապացույցներ չներկայացնելով: Նա մեղադրել է Մեծ Բրիտանիային ֆեյքային պատմություն ստեղծելու մեջ, որն անվանել է «տապակած բադ», իսկ Լոնդոնի գործողությունները` խաղ կրակի հետ, Սերգեյ և Յուլիա Սկրիպալների մահափորձի փաստարկումը` պղտոր, իսկ Ռուսաստանի դեմ քիմիական զենք օգտագործելու մեղադրանքը` աբսուրդի թատրոն: Նեբանզյան հայտարարել է, որ «Նովիչոկը» ռուսական քոփիռայթ չէ: Նրա խոսքով` չնայած ռուսերեն անվանմանը` նյութը ստեղծվել է Արևմուտքում մարտական թունավոր նյութերի շարքում: Նրա խոսքով` հիմնական նյարդակաթվածահար զենքը «անապացույց սուտը կրկնող» արևմտյան մամուլն է: Նեբենզյան նույնիսկ լրագրողների պահվածքը համեմատեց ֆաշիստական քարոզչության մարտավարության հետ: «Քանի որ Բրիտանիայի իշխանությունները, բոլորովին անհարմար չզգալով, հանդգնում են հայտարարել, որ Սոլսբերիի միջադեպի հետևում ամենայն հավանականությամբ Ռուսաստանն է, մենք հավանականության նույն աստիճանով ենթադրում ենք, որ այս մեգասադրանքի հետևում որոշ երկրների հատուկ ծառայություններն են»` հայտարարեց Վասիլի Նեբենզյան: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը նաև ծաղրեց բրիտանացիների highly likely («միանգամայն հավանական է») բանաձևը, որ Լոնդոնն օգտագործում է Սկրիպալների մահափորձին Մոսկվայի առնչության վերաբերյալ: Նա մի քանի անգամ կրկնեց, որ Մոսկվան ոչ մի կապ չունի Սոլսբերիի թունավորման հետ: «Մենք բազում հարցեր ունենք Լոնդոնին ու ՔԶԱԿ-ին, նաև Ֆրանսիային, որ հանկարծ, անհասկանալի է, թե Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի ո՞ր դրույթների համաձայն` նետվեց օգնելու բրիտանական էքսպրես-հետազոտության արդյունքները հաստատելու»` հայտարարեց Նեբենզյան: «Ի պատասխան մեր հարցի` ֆրանսիական կողմը հաղորդեց, որ Մեծ Բրիտանիան մանրամասն տեղեկացրել է Ֆրանսիային իր հետաքննության մասին: Եթե Լոնդոնը հրաժարվում է մեզ տեղեկություն տալ, գուցե Փարի՞զը տա»` առաջարկեց ռուս դիվանագետը:
Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Կարեն Պիրսը պատասխանեց, որ Լոնդոնը չի կարող Յուլիա Սկրիպալի մոտ թողնել ռուս հյուպատոսին առանց նրա համաձայնության (Յուլիա Սկրիպալը հրաժարվել է Ռուսաստանի ներկայացուցիչների օգնությունից): Պիրսը նշեց, որ Պորտոն Դաունի բրիտանական լաբորատորիայի փորձագետները պարզել են` մահափորձի ժամանակ օգտագործված թույնը նյարդակաթվածահարող «Նովիչոկն» է: Մեծ Բրիտանիայի կառավարությունը մի շարք պատճառներ ունի` վստահությամբ հայտարարելու, որ հենց Մոսկվան է մահափորձի թիկունքում: Առաջին` Լոնդոնը Մոսկվայից պատասխան չստացավ հարցին` ինչպե՞ս է նյարդակաթվածահարող գազը հայտնվել Մեծ Բրիտանիայում: Ռուսաստանը, Պիրսի խոսքով, վերջին 10 տարում այդ նյութն արտադրել է և պահպանել է այդ հնարավորությունը: Եվս մեկ պատճառ` Ռուսաստանում պետական կառույցների կողմից սպանությունների երկար շարքը և ամենաբարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, որ Մոսկվան փախստականներին համարում է դավաճան և հատուցման թիրախ: Պիրսը բացատրեց և highly likely բանաձևը` «Բրիտանիան օգտագործում է այդ արտահայտությունը մինչև դատարանի որոշումը` միայն դատարանը կարող է պարզել կատարվածը: Պետք չէ բանաձևը դիտարկել կասկածի արտահայտություն»: Պիրսի խոսքով` Բրիտանիան հաշվել է Մոսկվայի 24 վարկած` ո՞վ կարող լինել Սկրիպալների մահափորձի հեղինակը: Նա նշեց, որ Լոնդոնի գործողությունները հետևողական են և համապատասխանում են միջազգային իրավունքին` ազգային մակարդակում հետաքննությանը մասնակցում են 250 քննիչներ, փորձագետներ ու քիմիական զենքի մասնագետներ, ստուգվել են 5000 ժամ տեսագրություններ, 1300 իրեղեն ապացույցներ, հարցաքննվել են 5000 վկաներ: Պիրսը նկատեց, որ ՔԶԱԿ-ը իր փորձագետներին է ուղարկել Մեծ Բրիտանիա և նրանց ներկայացվել են իրեղեն ապացույցներն ու տուժածներից վերցված կենսաբանական փորձանմուշները: Այդ ամենն ուղարկվել է ՔԶԱԿ-ի լաբորատորիաներ:
Ուսումնասիրությունների արդյունքներով կկազմվի զեկուցը: «Ռուսաստանը պետք է համաձայնի փորձագետների եզրակացությունների հետ, բայց հայտարարում է, որ կհամաձայնի, եթե իր փորձագետները մասնակցեն ուսումնասիրությանը»` ասաց Կարեն Պիրսը` պահանջն անվանելով անընդունելի: Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը ՄԱԿ-ում Ռուսաստանի պահվածքը որակեց անպատասխանատու և միջազգային անվտանգությանը մարտահրավեր նետող: Նա ընդգծեց, որ Բրիտանիան ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, բայց չի կարող աչք փակել Սոլսբերիի միջադեպի վրա ու պատրաստ է համագործակցել ՔԶԱԿ-ի հետ, հրապարակել միջազգային կազմակերպության ուսումնասիրության արդյունքները, այդ առիթով բաց հանդիպում անցկացնել:
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլին Անվտանգության խորհրդի նիստի անցկացումը Ռուսաստանի պահանջով անվանեց ԱԽ-ն իր քաղաքական նպատակներին ծառայեցնելու փորձ: Նա նշեց, որ ՌԴ մշտական ներկայացուցչի ոչ բառապաշարը, ոչ մամուլը նյարդակաթվածահարող թույնի հետ համեմատելը, ոչ «ֆաշիստական քարոզչություն» արտահայտությունն օգտագործելը դիվանագետին վայել չեն: Նա գտնում է, որ Ռուսաստանը պատասխանատու է նյարդակաթվածահարող նյութի ու նրա կիրառման համար: Մոսկվան «կամ նպատակային օգտագործել է այդ նյութը, կամ չի հայտարարել նրա պաշարների մասին»: ԱՄՆ ներկայացուցիչը աջակցում է Մեծ Բրիտանիայի գործողություններին և կիսում է Սոլսբերիի միջադեպից նրա վրդովմունքը: Հեյլին ընդգծեց, որ Ռուսաստանը իբրև զենք է օգտագործում ապատեղեկատվությունն ու մանիպուլյացիան: Նա ծիծաղելի համարեց Նեբենզյայի հայտարարությունը, որ «Նովիչոկը» կարող էին կիրառել արևմտյան, մասնավորապես` ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի, հատուկ ծառայությունները:
ВВС
Հ.Գ. Լոնդոնաբնակ ռուս քաղաքագետ Վլադիմիր Պաստուխովը համարում է, որ Մեծ Բրիտանիայի հետ Ռուսաստանի դիվանագիտական պատերազմը ընդամենը հրետակոծություն է մեծ ճակատամարտից առաջ, որը կսկսվի, երբ կողմերը բոլոր խաղաքարտերը դնեն սեղանին: Իսկական մարտը կսկսվի, երբ ապացուցվի, որ Սկրիպալների թունավորման հետևում Ռուսաստանն է: Առայժմ Ռուսաստանը հոգեբանական հետախուզություն է վարում, Մեծ Բրիտանիան քաղաքական ծխածածկույթ է տարածում: Օրերս ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան ստիպված կլինի ներողություն խնդրել Ռուսաստանից «թունավոր սկանդալի» համար: Ձևականորեն Կրեմլը ճիշտ է: Իհարկե, Լոնդոնն ունի ավելի շատ ապացույցներ, քան հրապարակում է: Առայժմ Լոնդոնը հրապարակում է միայն թույնի փաստը, որ մշակվել է ԽՍՀՄ-ում, հետագայում` Ռուսաստանում: Իսկ դա ընդամենը կասկածի հիմք է: Ոչ ավելին: Այդ փաստը ոչինչ չի ապացուցում` թույնը կարող էր օգտագործել ով ասես` ի վերջո ոչ միայն ռուսներն են կրակում Կալաշնիկովի ինքնաձիգով, որ ստեղծվել է Ռուսաստանում: Բայց Լոնդոնը քաղաքական հարձակում սկսեց Մոսկվայի վրա` չսպասելով իրավական հետաքննության արդյունքներին: Ռուսաստանի դեմ գլխավոր հանցանշաններ դարձան Կրեմլի մարտական հռետորաբանությունը, իշխանությունների ոչհամարժեք արձագանքը կասկածներին ու «վատ հեղինակությունը»: Հենց այդ քաղաքական ենթատեքստով, այլ ոչ թե բրիտանացիների ապացույցների հիման վրա, Ռուսաստանի դեմ ընդունվեցին միջազգային պատժամիջոցներ, որ ընդամենը նախազգուշական են: 2014-ից (գուցե ավելի շուտ) Արևմուտքի նկատմամբ Կրեմլի քաղաքականության քվինտէսենցիան է եղել` մենք պատրաստ ենք ամեն ինչի: Մարտաշունչ հռետորաբանությունը հնարավոր հակառակորդի բոլոր կասկածները պետք է ցրեր` Ռուսաստանը չի վախենում կռվից: Ռուսաստանը պատրաստ է կռվել: Ռուսաստանը կկռվի: Վերջիվերջո` Ռուսաստանն արդեն կռվում է: Խաղադրույքներն ամեն անգամ բարձրացվում էին, մինչև ՌԴ նախագահի նախընտրական ուղերձում տիեզերական մարտահրավեր նետվեց մարդկությանը: Խնդիրն այն չէ, որ Արևմուտքը վստահ է, որ Սկրիպալների մահափորձը ռուսների ձեռքի գործն է, նրանք իրոք հավատում են, որ ռուսները կարող են Լոնդոնի կեսին թունավորել: Մի կողմից Կրեմլն անդադար հայտարարում է` «Մենք բոլորիդ կթաղենք», մյուս կողմից մեղադրելուց առաջ պահանջում է ապացույցներ ներկայացնել: Եթե դու գովազդում ես սպանելու քո ունակությունը, պատրաստ պետք է լինես, որ քեզ կմեղադրեն սպանության մեջ` նախքան ապացույցներ ստանալը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ